Իվան ԻԼՅԻՆ
Յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում են պահեր, երբ բնական, բնությունից մեզ տրված մենությունը հանկարծ սկսում է թվալ անտանելի ու դառը, երբ քեզ բոլորի կողմից լքված ես զգում, անօգնական, բարեկամ ես փնտրում, իսկ բարեկամ չկա։ Եվ զարմացած ու շփոթված հարցնում ես ինքդ քեզ` ինչպե՞ս պատահեց, որ ամբողջ կյանքում սիրեցի, ցանկացա, պայքարեցի ու տառապեցի և, գլխավորը` ծառայեցի մեծ նպատակին, ու չգտա ո՛չ կարեկցանք, ո՛չ ըմբռնում, ո՛չ բարեկամ։ Գաղափարի միասնությունը, փոխադարձ վստահությունը և համատեղ սերն ինչո՞ւ ինձ ոչ մեկի հետ չկապեցին` ոգու, ուժի և օգնության կենդանի միասնությամբ։
Այդ ժամանակ է, որ հոգում արթնանում է իմանալու ցանկությունը` ինչպե՞ս է կառուցվում այլոց կյանքը, նրանք գտնո՞ւմ են ցանկալի բարեկամների, թե՞ ոչ։ Իսկ ինչպե՞ս են ապրել մարդիկ մեզնից առաջ։ Արդյոք բարեկամության էությունը կորել է հենց մե՞ր օրերում։ Երբեմն թվում է, թե հենց ժամանակակից մարդը ստեղծված չէ բարեկամության համար։ ՈՒ, ի վերջո, քո առջև անխուսափելիորեն ծառանում են հիմնական հարցերը` իսկ ո՞րն է իսկական բարեկամությունը և ինչի՞ց է կախված։
Իհարկե, հիմա էլ են մարդիկ հաճախ «դուր գալիս» միմյանց։ Սակայն այդ ամենը որքա՜ն աղքատիկ է, մակերեսային ու դատարկ։ Ինչո՞ւ։ Որովհետև այդպիսի բարեկամությունն ընդամենը նշանակում է, որ նմաններին «հաճելի» են ու «զվարճալի» համատեղ ժամանցը և այն, որ կարողանում են «հաճոյանալ» մեկը մյուսին։ Եթե հակվածությունների և ճաշակների միջև կա որոշ նմանություն, եթե երկուսն էլ կարողանում են չկոպտել մեկմեկու, շրջանցել սուր անկյունները և լռության մատնել փոխադարձ տարաձայնությունները, եթե երկուսն էլ կարողանում են սիրալիր կերպով լսել ուրիշի դատարկությունը, թեթևակի սիրաշահել, մի քիչ ծառայություն մատուցել, ուրեմն հերի՜ք է, և մարդկանց միջև առաջանում է, այսպես կոչված, «բարեկամությունը», որը, պահպանվում է արտաքին պայմանականություններով, լպրծուն «սիրալիրությամբ», դատարկ հաճոյախոսությամբ և թաքնված շահադիտությամբ։ Պատահում է այնպիսի «բարեկամություն», որը հիմնված է միասին բամբասելու կամ միատեղ տրտնջալու վրա։ Սակայն գոյություն ունեն նաև կեղծ մեծարման «բարեկամություն», սնափառության «բարեկամություն», չարախոսության «բարեկամություն», պրեֆերանսի և բաժակակից լինելու «բարեկամություններ» և այլն, և այլն։ Երբեմն մեկը պարտք է խնդրում, մյուսը տալիս է, և երկուսն էլ համարում են, թե իրենք «բարեկամներ» են։ «Ձեռք ձեռքի տված» մարդիկ միասին տնօրինում են իրենց մեծ ու չնչին գործերը, գրեթե չվստահելով միմյանց, մտածում են, թե իրենք «բարեկամացել են»։
Երբեմն «բարեկամություն» են կոչում նաև թեթևակի, չպարտավորեցնող «սիրահարվածությունը», ինչը միմյանց է կապում տղամարդուն և կնոջը։ Իսկ հաճախ նաև ռոմանտիկ կիրքը, ինչը երբեմն բաժանում է երկուսին վերջնականապես ու հավիտյան։ Նման «բարեկամությունը» հաճախ այնքան արագ է խարսխվում ու այնքան անհետք կորչում, որ երբեմն նույնիսկ դժվար է ասել, թե նախկինում նրանք ընդհանրապես ծանոթ եղե՞լ են։ Կյանքում մարդիկ փայտե գնդերի նման իրար են զարկվում ու հետ թռչում։ Խորհրդավոր ճակատագիրը երկրային փոշու նման նրանց վեր է բարձրացնում, կյանքային տարածության միջով տանում անհայտ հեռուները, իսկ նրանք համընդհանուր մենակության ողբերգության մեջ խաղում են «բարեկամության» կոմեդիան։ Որովհետև առանց կենդանի սիրո մարդիկ նման են մեռած փոշու։
Բայց իսկական բարեկամությունը ճեղքում է այդ մենակությունը, հաղթահարում այն, ազատում մարդուն, որպեսզի նա կարողանա սիրել։
Իսկական բարեկամություն։ Եթե միայն հնարավոր լիներ իմանալ, թե ինչպես է այն ծագում և առաջանում։ Եթե միայն մարդիկ կարողանային թանկ գնահատել այն և ամրապնդել։
Աշխարհում գոյություն ունի միայն մեկ ուժ, որն ընդունակ է հաղթահարելու մարդու մենակությունը. այդ ուժը սերն է։ Աշխարհի երեսին կա միայն մի հնարավորություն դուրս գալու կյանքի փոշուց և դեմ հանդիման կանգնելու նրա սրընթաց հոսանքին. դա հոգևոր կյանքն է։ Իսկական բարեկամությունը մարդկանց կապող հոգևոր սերն է։ Իսկ հոգևոր սերը բոցն է։ Ով չի ճանաչում Աստծո բոցն ու երբեք չի ճաշակել այն, չի ըմբռնի իսկական բարեկամությունը։ Նաև չի հասկանա, թե ինչ են հավատարմությունը և իսկական զոհաբերությունը։ Ահա թե ինչու իսկական բարեկամությանն ընդունակ են միայն ոգով մարդիկ։
Չկա իսկական բարեկամություն առանց սիրո, որովհետև հենց սերն է մարդկանց միմյանց կապում։ Իսկ իսկական բարեկամությունն ազատ կապ է. նրանում մարդը միանգամից ազատ է և կապված, և այդ կապը չի խախտվում, ու չի նվազում ազատությունը, քանզի նա իրականացնում է այն, և այդ ազատությունը, իրագործելով ինքն իրեն կապվածության մեջ, կապում է մարդուն մարդու հետ ոգու մեջ։ Ամենաամուրն աշխարհում ազատ կապն է, եթե այն ձևավորվում է Աստծու մեջ, միացնում է մարդկանց Աստծու միջոցով և հաստատվում է Աստծո առաջ։ Ահա թե ինչու ամեն մի իսկական ամուսնության հիմքում ազատ, հոգևոր բարեկամությունն է։ Իսկական բարեկամությունը և իսկական ամուսնությունը հաստատվում են երկնքում և չեն խաչվում երկրի վրա։
Եթե երկրի վրա տեսնում եք իսկական հավատարմություն և ճշմարիտ զոհաբերում, ուրեմն կարող եք համոզված լինել, որ դրանք ձևավորվել են իսկական հոգևոր մտերմությունից։ Բարեկամությունը հատուկ է միայն ոգով մարդկանց. դա նրանց շնորհն է, նրանց սեփականությունն է, նրանց կյանքի ձևն է։ Առանց սրտի ու առանց ոգու բարեկամությունը, սառը, շահախնդիր «դաշինքները» միշտ մնում են պայմանական ու կիսախարդախ, որովհետև մարդկանց հաշվենկատ և հնարակերտ միությունները հենված են կարիերամոլության և շուկայական հարաբերությունների վրա։ Մարդկանց իսկական միասնությունը հնարավոր է միայն Աստծո շողի մեջ, ոգու և սիրո մեջ։
Իսկական մարդը սեփական սրտում կրում է ինչ-որ թաքնված խանդավառություն, որը նման է շիկացած ածխի։ Այնպես է, որ միայն քչերը գիտեն այդ մասին, և սրտի նման բոցը հազվադեպ է երևում սովորական կյանքում։ Բայց այդ լույսն առկայծում է նույնիսկ փակ տարածության մեջ, և իսկական բարեկամությունն առաջանում է այդ կայծերից։
Նա, ով գեթ մեկ անգամ տեսել է ռադիումի փոշեհատիկը, երբեք չի մոռանա Աստծու այդ հրաշքը։ Փակ տարածության մթության մեջ, խոշորացույցի ապակու հետևում երևում է պուճուրիկ մի մասնիկ, որից անընդհատ դուրս թռչող կայծիկները տարածվում են ամեն կողմ ու արագ կորչում մթության մեջ։ Իսկ բնագետները հիմնավորում են, թե փոշեհատիկի ճառագայթային այդ լիցքը կարող է ներգործել, համենայն դեպս, մի երկու հազար տարի։
Դրա պես էլ ապրում և առկայծում է մարդկային հոգին, սեփական կայծերը սփռում համաշխարհային «տարածության» անհունում։ Այդ կայծերից էլ հենց առաջանում է իսկական բարեկամությունը։
Կան մարդիկ, որոնց համար «ոգի» բառը ո՛չ դատարկ բան է, ո՛չ էլ մեռած հասկացություն. նրանք գիտեն, որ կյանքում կան «Աստծո ծաղիկներ», որ կյանքը նրանցով է փայլում և լույս արձակում, նրանք նաև գիտեն, որ մարդուն տրված է ներքին աչք, որն ունակ է տեսնելու և ճանաչելու այդ ծաղիկները, նրանք փնտրում և գտնում են դրանք, ուրախանում են նրանցով և սիրում ամբողջ սրտով։ Այդպիսի մարդիկ սեփական սրտում կրում են հոգևոր մի «լիցք» և «հոգևոր խանդավառություն»։ Նրանց անձնական ոգին նման է ռադիումի փոշեհատիկին, որը սեփական կայծերը ճառագում է համաշխարհային տարածության մեջ։ Եվ այդ կայծերից յուրաքանչյուրում շողում է նրանց սերը, լույս է արձակում աստվածային բովանդակության զորությունը։ Այդ կայծերից ցանկացածը տենչում է, որ իրեն ընկալեն, ճանաչեն և պատասխանեն։ Այդպես է, որովհետև մարդկային սերը միշտ էլ պահանջում է ըմբռնողություն ու փոխադարձ համակրանք։ Սակայն ոգու այդ կայծը կարող է ընկալել միայն ոգեպես կենդանի և կայծկլտող հոգին, միայն այն սիրտը, որն ինքն էլ սիրում է ու ճառագում։ Իսկ սառը խավարը կլանում է ամեն ինչ` առանց որևէ հետքի։ Մեռած դատարկությունը չի կարող պատասխան տալ։ Կրակը ձգտում է կրակի մոտ, և լույսը ձգվում է դեպի լույսը։ ՈՒ երբ հանդիպում են երկու կրակ, ապա առաջանում է նոր և հզոր մի բոց, որն սկսում է տարածվել ու փորձում է ստեղծել կրակի մի նոր, կենդանի «գործվածք»։
Իսկական բարեկամությունը սկսվում է այնտեղ, որտեղ ոգու թռչող կայծը դիպչում է ուրիշի բոցավառված սրտին և ընկալվում է նրա կողմից։ Այդ դեպքում սկսվում է լույսերի փոխանակում։ Կայծերն ամենևին չեն կորչում շրջապատող մթության մեջ։ Յուրաքանչյուրը հասնում է իր նպատակին ու վառում է այն։ Բռնկում են լույսի ամբողջական խրձեր, բոցը սկսում է բորբոքվել, հրդեհը սաստկանում է։ Ազատ շնորհներ, ստեղծագործ ընկալում, պայծառ երախտագիտություն։ Եվ նախանձի ոչ մի նշույլ։ Ոգին վայելք է ապրում իր սեփական ինքնամոռաց անկեղծությունից։ Նա գիտե, որ իրեն կդիմավորի ոգու հայեցումը և ներզգացող ըմբռնումը։ Սիրտն ուշադիր ականջ է դնում և ուրախությամբ գուշակում է ապագան։ Եվ Աստծո բոցը երկրի վրա կատարում է իր տոնը։
Այո՛, մարդկային հոգին միայնակ է երկրի վրա և հաճախ տանջվում է դրանից։ Նա զգում է, որ լքված է, աչքաթող արված։ Սակայն մարդու ոգին չի հաշտվում մենության հետ։ Նա արմատավորվում է աստվածայինի մեջ, ապրում է Աստծո գործի համար, ազատորեն ուղարկում է սեփական կայծերն ու ոչ մի «պատնեշ» այլևս չի վախեցնում նրան։ Ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ` Աստծո ծրագրերի և ստեղծագործական գաղափարների ընդերքում տեսիլք է ունեցել. քնկոտ ննջում էր կրակի միասնական, համատարած ծովը, այնպես, ինչպես ի սկզբանե մտադրվել էր Աստված։ Նա ընկալեց այդ տեսիլքը և մտավ նոր, երկրային գոյության մեջ, որպեսզի արթնանա որպես առանձնացված, միակ մի «կայծ»։
Իսկական բարեկամությունը և սերը ստեղծում են այդ միասնության նախնական բջիջը, հոգևոր կրակի այդպիսի բջիջներից էլ մի օր կկազմվի մեծագույն և միասնական Աստվածային բոցը` Աստծո արքայության պայծառ և խնդուն հյուսվածքը։
Ահա թե ինչու հոգեպես կենդանի յուրաքանչյուր մարդ երկրի վրա փնտրում է իսկական բարեկամություն և երջանկանում է, երբ հաջողվում է գտնել այն։ Դրանով նա կատարում է սեփական Արարչի պատվիրանը և մասնակցում է Նրա ուխտի կատարմանը` մասնակից դառնալով Աստծո աշխարհի նորոգմանն ու վերափոխմանը։
Աշխարհում շատ են մարդիկ, ովքեր ոչինչ չգիտեն իսկական բարեկամության մասին, այնուամենայնիվ, անճարակորեն դատում են նրա մասին ու, չգտնելով դեպի այն տանող ուղիները, բավարարվում են երկրային կրքոտ «սիրով», փոխարենը ստանալով միայն հիասթափություն և հուսալքություն։ Սակայն հենց նրանք պետք է իմանան, որ իրենք կոչված են սիրելու։ Որովհետև բարյացակամության ամենաթույլ ճառագայթը, կարեկցանքի, հոգատար և նուրբ վերաբերմունքի փոքրիկ կայծը արդեն իսկ սկիզբն են իսկական բարեկամության։ Սանդուղքն սկսվում է առաջին աստիճանից, իսկ երգեցողությունը` սեփական մեղեդին, առաջին հնչյունից։ Եվ որքա՜ն տխուր է, եթե կյանքն ընդհատվում է հենց սեփական հատիկի մեջ, եթե սանդուղքը կոտրվում է հենց առաջին աստիճանի վրա, եթե երգն ընդհատվում է առաջին հնչյունով։
Այդ պատճառով մեզնից յուրաքանչյուրը պետք է ամբողջ կյանքի ընթացքում փնտրի իսկական բարեկամությունը, հոգեպես կառուցի և սիրով փայփայի այն։ Այդ դեպքում նա կիմանա, թե որոնք են իսկական հավատարմության երանությունը և իսկական զոհաբերության բնականությունը։